среда, 16 мая 2018 г.

Պատմություն

                                        Գունավոր հեղփոխություններ
9 տարի առաջ աշխարհում շրջանառության դրվեց “գունավոր հեղափոխություն” հասկացությունը: Վրաստան, Ուկրաինա, Կրգըզստան… Այս երկրներից յուրաքանչյուրում հեղափոխություններն ինչ որ մեկի թեթեւ ձեռքով ստացան իրենց անունները՝ նարնջագույն, վարդագույն, մանուշակագույն: Վրաստանում եւ Ուկրաինայում իշխանության եկան գործիչներ, ովքեր դադարեցին սեփական երկրների քաղաքականությունը կապել Ռուսաստանի քաղաքականության հետ, հայտարարեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության եւ խորհրդային անցյալից հրաժարվելու պատրաստակամության մասին: Այս մարդկանց իշխանության գալուց հետո անցել է նախագահական մեկ ժամանակաշրջան՝ 5 տարի: Եւ կարելի է գնահատել “գունավոր հեղափոխությունների” արդյունքը:
Վրաստանում եւ Ուկրաինայում իրադարձությունները հեղափոխություններից հետո զարգացան տարբեր կերպ, սակայն կա ընդհանուր գիծ՝ Ռուսաստանը շարունակում է խոչընդոտել այս երկրների արեւմտյան կողմնորոշմանը, իսկ երկրների առաջնորդները շարունակում են իրենց գլխավոր խնդիրը համարել Ռուսաստանից սահմանազատվելը: Այս խնդրի լուծման համար Ուկրաինան ստիպված էր “գազային պատերազմի” մեջ մտնել Ռուսաստանի հետ: Իսկ Վրաստանը Ռուսաստանին իսկական պատերազմ հայտարարեց: Սակայն Ռուսաստանը շարունակում է այս երկրների քաղաքականության վրա ազդել՝ ընդդիմադիր ուժերին ֆինանսավորելու ճանապարհով – Ուկրաինայում դա Ռեգիոնների կուսակցությունն է, Վրաստանում՝ մի շարք քաղաքական կազմակերպություններ: Կարելի է վստահ լինել, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Ուկրաինայում ընտրություններին “նարնջագույն հեղափոխականների” իշխանությանը վերջ դրվի, իսկ Միխայիլ Սահակաշվիլին էլ հրաժարական տա ընդդիմության ճնշման տակ:
Ուկրաինայում եւ Վրաստանում “հեղափոխական” իշխանությունների համար իսկապես հեշտ չի եղել այս տարիների ընթացքում: Վիկտոր Յուշչենկոն ստիպված էր համբերել Յուլիա Տիմոշենկոյի քաղաքական քմահաճությունները, հետ մղել խորհրդարանական մեծամասնության, իրավապահ վերնախավի, գազային բիզնեսի, Ռուսաստանի, որ պնդում է Սեւծովյան նավատորմի իրավունքը, Ղրիմի եւ վերջապես Արեւելյան Ուկրաինայի բնակչության հարձակումները: Սակայն նա դիմացավ այդ ամենին եւ գնում է հերթական ընտրություններին:
Միխայիլ Սահակաշվիլին ավելի նյարդային դուրս եկավ: Չսպասելով իր նախագահության ժամկետի ավարտին, նա անսպասելիորեն նշանակեց արտահերթ ընտրություն, որից հետո կրկին հռչակվեց նախագահ: Նա պատերազմեց Ռուսաստանի հետ, կարծելով, թե Ռուսաստանը կսահմանափակվի Հարավային Օսիան պաշտպանելով, սակայն ռուսական զորքերը պատերազմը սկսելուց 5 օր անց հայտնվեցին Թբիլիսիի մատույցներում: Դա ցնցեց Վրաստանի քաղաքացիներին: Եւ ներկայում նույնիսկ արեւմտամետներն են գտնում, որ Սահակաշվիլին պետք է հեռանա:
Ըստ ամենայնի, “գունավոր հեղափոխությունների” դարաշրջանն ավարտվում է: Ռուսական ազդեցությունից երկրները դուրս բերելու այս մեթոդն անարդյունավետ դուրս եկավ: Ավելի շուտ, հեղափոխությունների առաջնորդները ստիպված կհեռանան: Եւ նրանց հեռանալը նշանավորում է նոր ռազմավարության սկիզբը: Դրա նշաններն արդեն կան. ԱՄՆ Պետդեպը հայտարարեց, թե չի ընդունում աշխարհն “ազդեցության գոտիների” բաժանելու գաղափարները: ԱՄՆ նախագահ Օբաման Ռուսաստանին առաջարկեց “վերաբեռնում”, Իրանին՝ հաշտություն, Չինաստանին՝ համագործակցություն, Իրաքին՝ ինքնուրույնություն, աշխարհին՝ հրաժարում միջուկային զենքից, G 20-ին՝ ֆինանսական համակարգրի համատեղ վերահսկողություն: Դժվար թե նման իրավիճակում ֆինանսավորի նոր “գունավոր հեղափոխություններ”, ասենք Հայաստանում:

Комментариев нет:

Отправить комментарий