понедельник, 20 ноября 2017 г.

էկոլոգիա

Աշխարհում ըստ միջին հաշվարկի, ամեն տարի  արտադրվում է 4-5 տրիլիոն պլաստիկե տոպրակ: Պլաստիկե տոպրակի կյանքի միջին տևողությունը 20 րոպե է, մինչդեռ դրա քայքայման համար պահանջվում է 100-200 տարի: 

«Արմատ» մամուլի ակումբում ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  բնապահպանները քննարկում էին պլաստիկե շշերի և տոպրակների առաջացրած էկոլոգիական խնդիրները: 

Առաջին անգամ 20-րդ դարի 50-60-ականներին ԱՄՆ-ում օգտագործված պլաստիկե տոպրակներն այսօր սպառնում են ախարհի մասշտաբով բնապահպանական աղետի պատճառ դառնալ: 

Տարեկան համաշխարհային օվկիանոս է լցվում 6 մլն 300 հազար տոննա աղբ, որի զգալի մասը պլաստիկե տոպրակներն ու շշերն են: Կենդանիները, սխալմամբ այն սնունդ համարելով, ուտում են: Դրա հետևանքով ամեն տարի սատկում է 1 մլն թռչուն,  100 հազար ծովային կաթնասուն և հազարավոր ձկնատեսակներ: 

Չնայած Հայաստանը հեռու է համաշխարհային օվկիանոսից, սակայն այս խնդրից զերծ չէ: Հայաստանում աղտոտված են գետերը, Սևանա լիճը:
Հայաստանում չեն պահպանվում նաև աղբանոցների համար կիրառվող միջազգային ստանդարտները: Եթե ընդունված է, որ աղբանոցը պետք է լինի ոչ ջրաթափանց վայրում, դրա վրա պետք է լցնել նաև շինարարական աղբի շերտ, ավազով ծածկել, հետո կանաչապատել և այդպես շարունակ, ապա Հայաստանում աղբանողները բաց են: Տեղացած անձրևը, որ իր  մեջ լուծում է քիմիական նյութերը, հոսում,  ոռոգման ջուր է դառնում կամ էլ ներծծվում ու միանում խմելու ջրի պաշարներին: Բացի այդ «որ բնակավայրում հարցնենք, թե աղբը որտեղ են թափում, կասեն ձորում»,- ասում է բնապահպան Թամարա Գալստյանը: 

«Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ նախագահ Գրետա Գաբիրելյանն ասում է, որ հատկապես վտանգավոր են թեթև պլաստիկե տոպրակները, որոնք թեթև քաշի պատճառով ձեռնտու չէ հավաքել և վերամշակման հանձնել. դրանք մնում են բնության մեջ: 

Բնապահպանները նշում են, որ աշխարհի բազմաթիվ երկրներ, գիտակցելով վտանգը,  փորձում են այլընտրանքային միջոցներ կիրառել պլաստիկե տոպրակների փոխարեն: Շատ երկրներ, այդ թվում և Ֆրանսիան, Բանգլադեշը, Տանզանիան ու Մոզամբիկը արգելել են դրանց արտադրությունը և ներմուծումը: 

Որպես այլընտրանքային տարբերակ` բնապահպաններն առաջարկում են օգտագործել կտորից և թղթից տոպրակներ, որոնք պիտանի են բազմակի օգտագործման համար: Բնապահպան Թամարա Գալստյանը, սակայն, նշում է, որ թղթի վերամշակման ինստիտուտ չունեցող Հայաստանում թղթե տոպրակների կիրառումը կարող է մեկ այլ բնապահպանական աղետի հանգեցնել. առանց այդ էլ սակավաթիվ անտառները կարող են իսպառ վերանալ թղթե տոպրակների արտադրության համար: 

Գալստյանն առաջարկում է, որ դպրոցականների համար մեկ անգամ դեպի աղբանոցներ էքսկուրսիա կազմակերպվի: Նրա հավաստմամբ` եթե երեխան մեկ անգամ տեսնի, որ իր նետած աղբը իրենից ընդամենը մի քանի կմ հեռու կուտակվում է և թե  ինչ խնդիրներ է առաջացնում, նրա գիտակցությունը կփոխվի:

Комментариев нет:

Отправить комментарий