четверг, 15 марта 2018 г.

Պատմություն

                                                           Նեմեսիս

Գործողությունը «Նեմեսիս» է անվանվել հատուցման ու վրեժխնդրության հին հունական աստվածուհի Նեմեսիսի անունով: Հետագայում կոչվել է Հայկական Նեմեսիս (1921–22 թթ.):
Առաջին աշխարհամարտում (1914– 1918 թթ.) Օսմանյան կայսրության պարտությունից (1918 թ-ի հոկտեմբերի 30) հետո երիտթուրքական կառավարության ու կուսակցության պարագլուխները գերմանական սուզանավով Կոստանդնուպոլսից տեղափոխվել են Գերմանիա: Թուրքիայի 1918 թ-ի դեկտեմբերի 16-ի դեկրետով «Միություն և առաջադիմություն» կառավարող կուսակցության և երկրի կառավարության պարագլուխներ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ մեղադրվել են Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար և հեռակա կարգով դատապարտվել մահվան: 
1919 թ-ին Երևանում ՀՀԴ կուսակցության IX ընդհանուր ժողովը որոշում է ընդունել ի կատար ածել երիտթուրքական պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Արձանագրվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները:


Ստեփան Ծաղիկյան (1886 թ.–?)
Միսաք Թորլաքյան (1888–1968 թթ.)
Արշավիր Շիրակյան (1900–1973 թթ.)














«Նեմեսիսի» պատասխանատու մարմնի ղեկավարը Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան) էր, Հատուկ ֆոնդինը՝ Շահան Սաթճակլյանը: Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը ղեկավարել են գործողությունը և ապահովել նյութական միջոցները: Հանցագործներին հայտնաբերելու գործը ղեկավարել է Հրաչ Փափազյանը, որը, որպես թուրք ուսանող, թափանցել է երիտթուրքական վտարանդիական բարձր շրջանակներ: Գործողության կազմակերպչական կենտրոններ էին «Ճակատամարտ» (Կոստանդնուպոլիս) և «Դրոշակ» (Բոստոն) թերթերի խմբագրատները: Վրիժառուների խմբերը (3–5 մարդ) հետապնդում էին որոշակի հանցագործի և հարմար պահին դատավճիռն ի կատար ածում: Կատարվել են վրեժխնդրական հետևյալ գործողությունները:
Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան) 1921 թ-ի մարտի 15-ին Բեռլինում իրագործել է Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթի մահավճիռը: 
Արշավիր Շիրակյանը 1921 թ-ի դեկտեմբերի 5-ին Հռոմում սպանել է երիտթուրքական կառավարության առաջին վարչապետ Սայիդ Հալիմին:
Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը 1922 թ-ի ապրիլի 17-ին Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին և հակահայկական «Հատուկ կազմակերպության» հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին:
Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը 1922 թ-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին. այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը:
Հայ վրիժառուները հետապնդել են նաև Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերին, որը Գերմանիայից Բաքվով անցել էր Միջին Ասիա և դարձել հակախորհրդային բասմաչական շարժման ղեկավարներից: Այստեղ նրա սպանությունը կազմակերպել է Կարմիր բանակի զորահրամանատար Հակոբ Մելքումովը (Մելքումյան): 
Չի հաջողվել գտնել երիտթուրքական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Նազիմին: Սակայն տարիներ անց նա Գերմանիայից վերադարձել է Թուրքիա, անհաջող մահափորձ արել Մուստաֆա Քեմալի դեմ, որի համար և մահապատժի է ենթարկվել:
Բացի երիտթուրքական պարագլուխներից՝ հայ վրիժառուները ոչնչացրել են Ադրբեջանի մուսավաթական կառավարության գործիչների, որոնք մեղադրվում էին 1918 թ-ի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային կոտորած կազմակերպելու համար: 
Արամ Երկանյանը 1920 թ-ի հունիսի 19-ին Թիֆլիսում սպանել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուն, իսկ Միսաք Թորլաքյանը 1921 թ-ի հուլիսի 19-ին Կոստանդնուպոլսում գնդակահարել է Բաքվի և Շուշիի հայերի ջարդերի կազմակերպիչ, Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեյբութ խան Ջևանշիրին: 
«Նեմեսիսի» վերաբերյալ հրատարակված երկերից հատկապես ուշագրավ են վրիժառուներ Արամ Երկանյանի «Այսպես սպաննեցինք» (Բեյրութ, 1954 թ.), Սողոմոն Թեհլիրյանի «Վերհիշումներ» (Կահիրե, 1956 թ.), Գրիգոր Մերջանովի «Քանի մը հուշեր Արշավիր Շիրակյանի» (1957 թ., Փարիզ) ու «Իմ կտակը» (1972 թ., Բեյրութ), Միսաք Թորլաքյանի «Օրերուս հետ» (Բեյրութ, 1963 թ.) գրքերը:
                                                              

                                                              Իսլամ






Իսլամը (արաբերեն՝ հնազանդություն) համաշխարհային կրոններից ամենաերիտասարդն է, հիմնվել է 7-րդ դարում, Արաբական թերակղզում, Մուհամեդ մարգարեի կողմից, որը քարոզում էր Աստծուց՝ Ալլահից ստացած հայտնությունները: Իսլամի հիմքում ընկած են միաստվածության (թաուհիդ) և Աստծուն անվերապահ ծառայելու գաղափարները: Իսլամի դրոշի ներքո արաբական ցեղերին հաջողվեց միավորվել և նվաճողական արշավանքների արդյունքում 7-րդ դարի կեսերին ստեղծել արաբաիսլամական պետություն (խալիֆայություն): Իսլամի հետևորդները կոչվում են մուսուլմաններ, այսինքն՝ մարդիկ, ովքեր հնազանդ են Աստծուն: Մուսուլմանը պետք է իր երկրային կյանքում անվերապահորեն կատարի աստվածային պատվիրանները: Նշենք, որ մուսուլման եզրից բացի առավել օգտագործվող մյուս եզրը մահմեդականն է, որ նշանակում է Մուհամեդի հետևորդ:
 
Սուննի իսլամը ծագում է արաբերեն սուննա (բառացի՝ ուղի, օրինակ, նմուշ) եզրից, որը նկատի է առնում Մուհամեդ մարգարեի վարքն ու ասույթները, որոնք արձանագրված եմ հադիսների (պատումներ) ժողովածուներում: Սուննան իսլամի ամենակարևոր սկզբնաղբյուրն է իսլամի սուրբ գրքից՝ Ղուրանից հետո, որին հավատացյալները պարտավոր են հետևել: Սուննայի հետևորդները կոչվում են ահլ ալ-սուննա վա ալ-ջամաա, որ թարգմանաբար նշանակում է սուննայի և համաձայնության ժողովուրդ (կրճատ՝ ահլ ալ-սուննա՝ սուննիներ): Սուննիները հավատացյալների այն համայնքն են, որն ապրում է` հիմք ընդունելով Մուհամեդ մարգարեի սուննան՝ ուղին, որպես չափորոշիչ: Քանի որ Մուհամեդ մարգարեն իր հայտնությունները ստանում էր Աստծուց, նրա արտահայտությունները ևս համարվում են աստվածային ներշնչանքի աղբյուր:
 
Շիա (արաբերենից թարգմանաբար՝ կուսակից, զինակից), որը շիաթու Ալի՝ Ալիի զինակիցներ արտահայտության կրճատ ձևն է: Շիա իսլամը ձևավորվեց 7-րդ դարի կեսերին իսլամական համայնքում իշխանության համար մղված պայքարի արդյունքում: Մուհամեդ մարգարեի (570-632թթ.) մահից հետո մուսուլմանների մի խումբ նրա հորեղբոր որդուն և դստեր՝ Ֆաթիմայի ամուսնուն՝ Ալի իբն Աբի Տալիբին (656-661թթ.) համարեց մարգարեի միակ և օրինական ժառանգորդը: Շիաներն առաջ քաշեցին այն թեզը, որ իսլամական պետության՝ իմամաթի մեջ Ումմայի առաջնորդները՝ իմամները, պետք է լինեն բացառապես Ալիի, միևնույն ժամանակ՝ Մուհամեդի անմիջական շառավիղները: Մինչդեռ սուննիները համարում էին, որ Ումմայի առաջնորդները պետք է ընտրվեն ժողովրդի կողմից: Հետագայում սուննիները խախտեցին այս սկզբունքը, երբ Օմայան հարստությունը (661-750թթ.) դարձավ ժառանգական:

Իսլամի սուննի և շիա ուղղությունների մեջ կան սկզբունքային այլ տարբերություններ ևս: Սուննիները չեն ընդունում շիաներ առաջնորդ Ալիի հատուկ բնույթը, ինչպես նաև բացառում են որևէ միջնորդավորված շփում Աստծո և մարդկանց միջև Մուհամեդի մահվանից հետո, ինչը բխում է Մուհամեդի՝ վերջին մարգարե լինելու դրույթից: Շիա մուսուլմանների ծանրակշիռ մասը տասներկուականներ (իսնաաշարիյուն) են, ովքեր ճանաչում են միայն 12 իմամների օրինականությունը (որոնք Իմամ Ալիի ժառանգներն են): Վերջին՝ 12-րդ իմամը՝ Մուհամեդ իբն Հասան Ալ-Մահդին, ըստ ավանդության, անհետացել է 873-874թթ. ընթացքում, փոքր տարիքում: Հայտնի է թաքնված իմամ անունով, որի վերադարձին շիաները սպասում են որպես Մահդի (մեսիա): Ջաֆարիականությունը շիա իսլամի կրոնաիրավական դպրոցն է, որի հիմնադիրն աստվածաբան և իրավագետ Իմամ Ջաֆար Ալ-Սադիկն (702-765թթ.) է:
Մազհաբները (արաբերեն՝ ընթացք, ճանապարհ) իսլամի կրոնաիրավական դպրոցներն են: Յուրաքանչյուր մազհաբի մեջ մշակված են Ղուրանի և սուննայի օգտագործման ու դրանց հիմնարար դրույթների մեկնաբանման որոշակի սկզբունքներ: Սուննի իսլամում գոյություն ունեն չորս մազհաբներ (հանաֆիական, շաֆիայական, մալիքիական և հանբալիական), իսկ շիա իսլամում առավելապես տարածված է ջաֆարիական մազհաբը, որոնք տարբերվում են միմյանցից իրենց մեթոդաբանությամբ և շեշտադրումներով: Մազհաբների մեկնաբանություններն ունեն ոչ միայն տեսական, այլև գործնական նշանակություն:

Սուֆիականությունը (արաբերեն՝ թասավուֆ) իսլամական միստիկ կրոնափիլիսոփայական ուղղություն է, ձևավորվել է 8-րդ դարում, արաբաիսլամական միջավայրում, հունական և հնդկական փիլիսոփայության ազդեցությամբ: Ըստ ամենայնի առաջացել է արաբերեն սուֆ՝ բրդյա քուրձ բառից, ինչը, ըստ ավանդության, սովորություն ունեին հագնել ճգնակյաց կյանքով ապրող սուֆիները: Սուֆիականության կրոնափիլիսոփայության հիմքում ընկած է աստվածային հայտնությունը ճանաչելու և նրա հետ մերձենալու գաղափարը՝ հուզավառության (էքստազի) միջոցով: Իբադան ենթադրում է աստվածային պատվիրանների անվերապահ կատարում: Դրանց մեջ առանձնանում են պարտադիրները:

Մուսուլմանն իր երկրային կյանքում պարտավոր է կատարել իսլամի կամ հավատքի հինգ հիմնասյուներով (առքան ադ-դին) ամրագրված դրույթները`շահադան (միաստվածության՝ թաուհիդի և Աստծո մարգարեի՝ Մուհամեդի մասին վկայությունը), հինգանգամյա աղոթքը (սալաթ կամ նամազ), ողորմածությունը (զաքաթ), ծոմը՝ սոմ (յուրաքանչյուր տարի Ռամադան ամսին) և կյանքում առնվազն մեկ անգամ ուխտագնացությունը
Մեքքա (հաջ):

Комментариев нет:

Отправить комментарий