суббота, 10 марта 2018 г.

Գրականություն



Եղիշե Չարենցը հայ գրականության նորագույն շրջանի սկզբնավորողն է. 
ընդարձակել է գեղարվեստական մտածողության հայեցադաշտը, կանխորոշել գրականության հետագա զարգացման ուղիները, թարմացրել լեզուն, 
տաղաչափությունը, հարստացրել գրական ժանրերը:
Եղիշե Չարենցը (իսկական ազգանունը՝ Սողոմոնյան) ծնվել է Մակուից (քաղաք` Իրանում) Կարս գաղթած գորգավաճառ Աբգար աղայի ընտանիքում: 1908–12 թթ-ին սովորել է Կարսի հայկական, ապա՝ ռուսական ռեալական ուսումնարաններում, 1916–17 թթ-ին՝ Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում, 1922 թ-ին, որպես ազատ ունկնդիր, ընդունվել է Վալերի Բրյուսովի հիմնադրած գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել: 
Հեղափոխությամբ ոգևորված Չարենցը 1918–19 թթ-ին Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, 1920 թ-ին` Հայաստանում՝ Մայիսյան, 1921 թ-ին՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920 թ-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում՝ որպես արվեստի բաժնի վարիչ: 1922 թ-ին Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու մասնակցությամբ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը:
1924–25 թթ-ին եղել է Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: 1925 թ-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1926– 1928 թթ-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի և «Նորք» հանդեսի խմբագրություններում, 1928–35 թթ-ին՝ Հայպետհրատում:
1935 թ-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ. 1937 թ-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է հետմահու: 
Չարենցի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912 թ-ին՝ Թիֆլիսի «Պատանի» ալմանախում: 1914 թ-ին Կարսում լույս է տեսել նրա առաջին գրքույկը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», իսկ 1915 թ-ին Թիֆլիսում՝ «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915 թ-ին զինվորագրվելով հայկական կամավորական խմբին` հասել է Վանի մատույցները, ականատես եղել պատերազմի դաշտում և Վանում՝ «Մեռած քաղաքում», տեղի ունեցող ողբերգությանը: Տեսածի ու ապրածի անմիջական տպավորությամբ գրել է «Դանթեական առասպել» (1916 թ.) պոեմը: Դանթեական մղձավանջով անցած բանաստեղծը «Վահագն» (1916 թ.), «Ազգային երազ» (1917 թ.), «Հատված» (1918 թ.) պոեմներում ընդվզում է նրանց դեմ, ովքեր իրականի փոխարեն տեսնում են առասպելական Հայաստանը և տարվում առասպելական հերոսներով:
1918–21 թթ-ին Չարենցը գրել է «Սոմա» (1918 թ.), «Ամբոխները խելագարված» (1919 թ.), «Նաիրի երկրից» (1920 թ.) պոեմները և այլ գործեր: «Ամբոխները խելագարված» պոեմը կյանքի վերափոխման համար պայքարի կոչ է, որի նպատակը հին աշխարհի կործանումն է: Բանաստեղծն ստեղծել է խորհրդանիշներ՝ պայքարող ժողովուրդ, հինը մարմնավորող քաղաք, հավերժական արև, որոնք պոեմը վերածել են ինքնատիպ դյուցազներգության: 
Հայրենիքի կործանման ահավոր տագնապը սրտում՝ 1920 թ-ին Չարենցը գրել է «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը, որը շարունակական դարձած ազգային ողբերգությունների խտացումն է: Երկրի ճակատագրով այրվող բանաստեղծը ճգնաժամային այդ պահին պատրաստ է դառնալու իր հայրենիքի վերջին զոհը.

Комментариев нет:

Отправить комментарий