Դվինը, մոտ հազարամյա պատմությամբ, Հայաստանի ամենանշանավոր եւ համեմատաբար լավ ուսումնա¬սիրված քաղաքներից է, Հայաստանի 12 մայրաքաղաք¬ներից մեկը։
Քաղաքի տեղում բնակավայր է եղել հնագույն ժամանակներից, սակայն Դվինի` իբրև քաղաքի վավերական պատմությունն սկսվում է 4-րդ դարի 30-ական թվականներից։ Պատմիչների վկայությամբ` Արշակունի Խոսրով Բ Կոտակ թագավորը (330-338 թթ.) քաղաքը հիմնել է Արտաշատից ոչ հեռու մի բլրի վրա։ Դվին բառը միջին պարսկերենից թարգմանաբար նշանակում է բլուր։ Նոր քաղաքի օդն ու կլիման առողջարար դարձնելու համար թագավորը քաղաքի շրջակայքում տնկել է Խոսրովի անտառը, որով Դվինը կապվում էր Գառնու ամրոցի և տաճարի հետ։ Հիմնադրումից շուրջ 150 տարի անց միայն` 481 թ., Ներսես Բագրատունի տանուտերը Դվինը հռչակում է մայրաքաղաք։ Արաքսն իր հունը փոխելու և ճահճուտների ընդարձակվելու պատճառով Արտաշատ մայրաքաղաքի կլիմայական պայմանները դարձել էին անտանելի, և Արտաշատի բնակիչները զանգվածաբար բնակության էին տեղափոխվում նոր մայրաքաղաք` Դվին։
Ըստ պատմիչներ Սեբեոսի և Հովհաննես Ե Դրասխանակերտցու (Ամենայն Հայոց կաթողիկոս` 898-929 թթ.)` արաբները գրավել են Դվինը Բյուզանդիայի Կոստաս II կայսեր գահակալության և Եզր կաթողիկոսի օրոք. 640 թ. նվաճելով Դվինը` արաբները կոտորում են 12 հազար և գերեվարում 35 հազար բնակիչների։
Արաբները քաղաքն անվանել են Դաբիլ, և այն դարձել է արաբական խալիֆայության «Արմինիա» վարչական միավորի կենտրոնը` ոստիկանի կամ խալիֆայության կողմից նշանակված կառավարչի նստավայրը։ Դվինը մնացել է արաբների տիրապետության տակ շուրջ 300 տարի։
Արաբ մատենագիրների վկայությամբ` Դվինը արտահանել է բազմաթիվ ապրանքներ, որոնք հռչակված էին որպես հայկական ապրանքներ և բարձր էին գնահատվում ժամանակի շուկաներում։ Հատկապես լայն ճանաչում ունեին որդան կարմրով ներկված նուրբ բամբակյա գործվածքները։
Քաղաքն ավերվել է 863 թ. երկրաշարժից, հետագայում վերակառուցվել, ապա գրեթե հիմնովին ավերվել 893 թ. տեղի ունեցած առավել հուժկու երկրաշարժից, որին զոհ է գնացել մոտ 70 հազար մարդ։ Դվինը ոչ միայն վարչա-քաղաքական կենտրոն էր, այլև հոգևոր, այն տևական ժամանակ` 475 թ. մինչև 914 թ. (որոշ տվյալներով` մինչև 918թ.) եղել է կաթողիկոսների նստավայր։ Բյուզանդա¬ցիները գրավեցին Դվինը Բագրատունիներից` 1045 թ., իսկ հետագայում (1064 թ.) քաղաքը գրավեցին սելջուկները։
Դվինի բարգավաճման վերջին շրջանը կապվում է Զաքարյանների իշխանության հետ, երբ հայ-վրացական միացյալ զորքը Իվանե և Զաքարե Զաքարյան եղբայրների գլխավորությամբ 12-րդ դ. վերջին Դվինն ազատագրեց սելջուկներից։
Դվինը վերջնականապես կործանվել է Ջալալ Էդ Դինի 1225թ. և թաթար-մոնղոլների 1236 թ. արշավանքների հետևանքով։
Комментариев нет:
Отправить комментарий