понедельник, 12 февраля 2018 г.

գրականություն

             

ՔԱՌՅԱԿՆԵՐ

  1. Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ…
Հեյ ագահ մարդ, հեյ անհոգ մարդ, միտքըդ երկար, լյանքըդ կարճ
Քանի քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ինչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:

2.Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր
— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր։
Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՛ր։
3. Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գըտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն…
4. Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին
Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։
5. Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր
Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր,
Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:
Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:
6.Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։

                         


    Տերնդեզ

Հայաստանի շատ վայրերում Տրնդեզը համարվել է հայկական դիցաբանության`ռազմի  աստված Վահագնի տոնը: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել 27-րդ օրը: Տրնդեզի ժամանակ կրակի  բոցերի վրայով  թռչելով քո մեջ է մտնում Վահագնի ուժը, հաջողությունը և անպարտելիությունը: Զենքի տաքացրած ծայրով լավաշ կամ գաթա էին օծում, իսկ նորապսակների համար վարդի չոր թերթիկներ կամ վարդի յուղ: Մեկ այլ կարծիքով Տրնդեզի հրավառությունը կապված է Տիրի կամ Միհր աստծո հետ: Տիրը գրի և արվեստի պաշտպանն է, իսկ Միհրը կրակի ու լույսի: Տոնի նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և ուժեղացնել արևի ջերմությունը: Հենց այդ օրվանից եղանակը սկսում էր տաքանալ:

Վահան Տերյան

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...

ԿԱՐՈՏ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում...
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում...
Վերլուծություն
Այս բնաստեղծությունը շատ խորիմաստ է: Ա-յն արտահայտում է հեղինակի դրությունը:
Նրա վիշտը, կարոտը:

ՀՈՐՍ


Սիրո քարոզիչ, այսօր ես նորից
Քեզ եմ որոնում անզուսպ կարոտով,
Հայտնվիր դու ինձ խաղաղ, անթախիծ,
Ամոքիր սիրտս քո անհուն սիրով:
Ցույց տուր ինձ այսօր քո դեմքը ներող,
Տանջանքի ահեղ շղթայի ներքո,
Որպես լուսազարդ երկինքն ոսկեշող,
Որպես գուգուրող հիասքանչ արև:
Հույսերըս կրկին հեռացան ինձնից,
Կյանքի թախիծն է գրկել ինձ այսօր,
Ես քեզ եմ դիմում այս ցուրտ աշխարհից,
Ես քեզ եմ բերում հույզերս բոլոր:
Օ, հայտնվիր խաղաղ ու սիրող,
Ամոքիր սիրտս քո անմար սիրով…

ԷԼԵԳԻԱ


Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա...
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն...
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն...

ԵՐԳ


Կուրծքը հեւ առած, հավքից թեւ առած,— ե՞րբ կըգա նա.
Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞...
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։

ՑՆՈՐՔ


Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր...
Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան...

ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆ


Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
— Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...
Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,
— Ես մոռացել եմ արեւի ուղին.
Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,
— Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին...
Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.
— Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ...

ԱՂՈԹՔ


Քո պայծառ գահի անհաս բարձունքից
Սի՛ մերժիր սրտիս աղոթքը անբիծ ...
ՍԱՖՈ
Ես ընկա անդունդները խավար,
— Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.
Մոռացա ուղիներըս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում։
Դու անմութ աշխարհում ես ապրում,
Հիշի՛ր դու խավարում տանջվողին,
Քո սրտում արևներ են վառվում,
Արևիր սև կլանքիս մութ ուղին։
Հավիտյան ինձ քո սերն է այրում,
Դու լուսե՜ղ ... Ինձ խավարն է ճնշում։
Ես մեռնում եմ այս մութ վիհերում...
Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում...

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ


Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ...

Комментариев нет:

Отправить комментарий