Առաջին աշխարհամարտի մասին
Նախաբան
Առաջին համաշխարհային պատերազմը մարդկության ամենաարյունալի ռազմական հակամարտություններից մեկն է, որը նաև թողել է խորը սոցիալական և տնտեսական հետքեր: Պատերազմի հիմնական նպատակն էր աշխարհի վերաբաժանումը և քաղաքական քարտեզի վերաձևավորումը: Իրադարձությունները դասավորվել էին այնպես, որ գրեթե բոլոր պետությունները ունեին հողային պահանջներ միմյանց հանդեպ (Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունը, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը: Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը: Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը: Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով: Թուրքիան որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը:) Ուստի նրանք սկսեցին միավորվել որոշակի խմբավորումներում որպեսզի կարողանան միասնական կերպով ավելի հեշտ լուծել իրենց խնդիրները, և ամեն մեկը ստանար իր պահանջած բաժինը: Իրադարձությունները արդեն հասել էին իրենց գագաթնակետին և պետք էր մի փոքր առիթ, որպեսզի սկսվեր պատերազմը: Այդ առիթը եղավ Ավստրո-Հունգարիայի թագաժառանգի՝ Ֆրանց Ֆերդինանտի սպանությունը՝ 1914 թվականի հունիսի 28-ին Սարաևոյում՝ սերբ ազգայնականների կողմից:
Հիմնական նյութ
Պետությունները խմբավորվել էին երկու դաշինքներում՝ Անտանտ-Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան և Քառյակ դաշինք-Գերմանիա, Օսմանյան կայսրություն, Ավստրոհունգարիա, Իտալիա, Բուլղարիա:
Պետությունները, հողային պահանջներից հետապնդում էին նաև այլ՝ տնտեսական, լոկալ, ռազմական նպատակներ։ Պատերազմի մեջ մտնել էին ստիպում նաև դաշնային պարտավորությունները։ Փոքր պետությունները, չունենալով իրագործելի հավակնություններ ևս սկսեցին անդամակցել դաշինքներից որևէ մեկին: Այսպիսով պատերազմն ընդգրկեց ողջ աշխարհը: Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային: Ռուսաստանը զորահավաք սկսեց: 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային: Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա: Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան:
Հետզհետե ավելանում էր պատերազմի մասնակիցների թիվը. աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն կմ2 տարածք` շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87 %-ը): Ռազմական գործողություններն ընթանում էին մոտ մեկ տասնյակ ռազմաբեմերում, սակայն գլխավոր ճակատները երկուսն էին՝ Արևմտաեվրոպականը, որը ֆրանս-գերմանական սահմանով ու Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ, և Արևելաեվրոպականը (ռուսականը), որն անցնում էր ռուս-գերմանական ու ռուս-ավստրիական սահմանների երկայնքով: Կարևոր էր նաև Կովկասյան ճակատը, որտեղ մարտական գործողություններն ընթանում էին Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ:
1914-ի պատերազմաշրջան
Արևմտաեվրոպական ռազմաբեմում պատերազմական գործողություններն սկսվեցին օգոստոսի 4-ին գերմանական զորքերի ներխուժումով Բելգիա: Մինչև սեպտեմբերի 5-ը գերմանացիները, հաղթահարելով ֆրանսիական բանակի դիմադրությունը և մարտերը, փոխադրելով Ֆրանսիական տերիտորիան, մոտեցան Մառն գետին՝ սպառնալով Փարիզին: 1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը: Մառնի ճակատամարտում գերմանական բանակաների կրած պարտությունից հետո, Արևմտյան ռազմաճակատում մինչև 1914-ի վերջը կայուն վիճակ ստեղծվեց: Արևելյան և Կովկասյան ռազմաճակատներում նույն ժամանակամիջոցում իրականացվեցին Արևելապրուսական, Գալիցիական (Գալիցիական ճակատամարտը. Առաջին համաշխարհային պատերազմի խոշորագույն ճակատամարտերից մեկն ռուսական և ավստրո-հունգարական բանակների միջև Գալիացիայում և Լեհաստանում 1914 թվականի օգոստոսի 5 (18)-ից մինչև սեպտեմբերի 8 (21)-ը: Երկու կողմից մասնակցում էր 2 մլն և 5 հազար թնդանոթ: Ռուս հրամանատարությունը սխալներ թույլ տվեց, որը հանգեցրեց նշանակալի կորուստների՝ 230 հազար մարդ և 94 թնդանոթ: Օպերացիան այդպես չհասավ իր նպատակին (թշնամու շրջապատումը), ռուսական զորքերը Գ.ճ-ում մեծ հաղթանակ տարան: Ավստրո- Հունգարիան տվեց մեծ կորուստներ 325 հազար մարդ այդ թվում նաև 100 հազար գերի և 400 հրանոթ: Ռուսական զորքերը գրավեցին Գալիցան և ավստրալական Լեհաստանի մի մասը՝ սպառնալով ներխուժել Հունգարիա և Սիլեզիա: Ավստրո- Հունգարիան երկար ժամանակ կորցրեց իր մարտունակությունը, և Գերմանիան հարկադրված խոշոր ուժեր առանձնացրեց օգնելու թուլացած դաշնակցին: Վարշավա-Իվանգորոդյան.Լոձի և Սարիղամիշի օպերացիաները: Սկզբնական շրջանում ռուսական բանակները հաջողություն տարան , բայց վերջում ծանր պարտություն կրեցին:
1915-ի պատերազմաշրջան
1915 թ-ին ռուսական զորքերի հարձակումը ծանր կացության մատնեց Ավստրո-Հունգարիային: Դաշնակցին օգնելու համար Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց և գրավեց լեհ-լիտվական հողերը: Թեև ռուսները 300 հզ. զոհ տվեցին, սակայն Ռուսաստանը դիմակայեց թշնամուն: 1915 թ-ին Բալկանյան ճակատում Իտալիան, որ անցել էր Անտանտի կողմը, չկարողացավ առավելության հասնել Ավստրո-Հունգարիայի նկատմամբ. վերջինս նվաճեց Չեռնոգորիան և Ալբանիան: Բուլղարիան պարտության մատնեց Սերբիային: 1915 թ-ի ապրիլի 22-ին Արևմտաեվրոպական ճակատում՝ Իպր քաղաքի մերձակայքում, գերմանացիներն առաջին անգամ օգտագործեցին քիմիական զենք (թունավորվեց 15 հզ. մարդ): 1915 թ-ի մայիսին ռուսները հայ կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Վանը: Սակայն հուլիսին ռուսական բանակը ժամանակավորապես թողեց հայկական տարածքները, որը ճակատագրական եղավ արևմտահայության համար:
1916-ի պատերազմաշրջան
Գերմանիան փետրվարի 21-ին խոշոր հարձակում ձեռնարկեց Վերդենի Գեներալ Ա.Ա.Բրուսիլովի հարձակումը Հարավ-Արևմտյան ռազմաճակատում գերմանցիներին ստիպեց դադարեցնել ռազմական գործողությունները Վերդերի մոտ: Ավստրո-Հունգարական բանակը ամբողջովին ջաջախվեց ՝ տալով ավելի քան 1 մլն սպանված ու վիրավոր , 400 հազար գերի: Կովկասյան ռազմաճակատում Ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը, Երզնկան, Մամախաթունը, Տրապիզոնը և Բիթլիսը: Կռվող կողմերի ուժասպառությունը և հասունացող հեղափոխական ճգնաժամը (հատկապես Ռուսասատանում), Գերմանիային և Ռուսաստանին ստիպեցին անջատ հաշտություն կնքելու ուղիներ փնտրել:
1917-ի պատերազմաշրջան
1917 թվականի սկզբին քաղաքական ճգնաժամը Ռուսաստանում հասավ գագաթնակետին: Փետրվարյան հեղափոխության հետևանքով ստեղծվեց Ժամանակավոր կառավարություն, որն ապրիլին իր դաշնակիցներին հավաստիացրեց պատերազմը մինչև հաղթական ավարտ շարունակելու մտադրության մասին: 1917 թ-ին Արևմտյան ճակատում Անտանտն անհաջողություններ կրեց, ձախողվեց նաև ռուսական բանակի հունիսյան հարձակումը: Էլ ավելի խորացող ճգնաժամի պայմաններում 1917 թ-ի հոկտեմբերի 25-ին: Պետրոգրադում կատարվեց զինված հեղաշրջում, և իշխանության անցած բոլշևիկյան կուսակցությունն առաջարկեց համընդհանուր հաշտության պայմանագիր կնքել, դուրս եկավ Անտանտից և Գերմանիայի ու նրա դաշնակիցների հետ 1918 թ-ի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքեց հաշտության պայմանագիր: Խորհրդային Ռուսաստանը Գերմանիային էր զիջում Բելոռուսիայի մի մասն ու մերձբալթյան երկրները: Ֆինլանդիան և Ուկրաինան ճանաչվում էին անկախ երկրներ: Թուրքիային էին անցնում Կարսը, Արդահանը և Բաթումը: Պայմանագիրն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, որը միայնակ մնաց թուրքական բանակի դեմ (ռուսական զորքերը լքեցին Արևմտյան Հայաստանը):
1918-ի պատերազմաշրջան
1918 թ-ի մարտ-հունիսին Արևմտաեվրոպական ռազմաճակատում գերմանական զորքերն անցան հարձակման և մեծ կորուստների գնով հասան Մառն գետի շրջանը Բայց դա Գերմանիայի վերջին հաջողությունն էր: Օգոստոսին Անտանտի զորքերը ծանր պարտության մատնեցին գերմանական բանակին: Սեպտեմբերի 26-ին անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմանական բանակներին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից: Սեպտեմբերի 29-ին անձնատուր եղավ Բուլղարիան, հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարով՝ Թուրքիան, նոյեմբերի 3-ին՝ Ավստրո-Հունգարիան: Նոյեմբերի 11-ին Կոմպիենի զինադադարով Գերմանիան անձնատուր եղավ. ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր: Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և հաշմանդամ դարձավ 20 մլն մարդ: Վնասը միջին հաշվով կազմեց գլխավոր մասնակից երկրների ազգային հարստության 1/3-ը: Պատերազմի հասցրած վնասներն ու հետևանքները քննվեցին 1919–22 թթ-ի ընթացքում, երբ Վերսալում և Վաշինգտոնում կնքվեցին ամփոփիչ պայմանագրեր:
Հետաքրքիր փաստեր առաջին աշխարհամարտի մասին
1)Աշխարհամարտի ժամանակ Ավստրիայում ծնված գերմանացի մի զինվոր, ով քաջության համար «Երկաթե խաչ» շքանշան էր ստացել, մանանեխային գազային հարձակման արդյունքում ժամանակավոր կուրացել էր ու հոսպիտալացվել Փեսուոքում։ Հոսպիտալում, տեղեկանալով գերմանացիների պարտության մասին, նա ցնցում է տանում, որի արդյունքում նրա կուրությունն ավելի երկար է տևում։ Պատերազմի այսպիսի ավարտի դառնությունը նրա մոտ կազմավորում է իր գաղափարախոսությունն ու ստիպում նրան աշխարհն ընկղմել մարդկության պատմության ամենաաղետալի պատերազմներից մեկի մեջ։ Իսկ այդ զինվորը Ադոլֆ Հիտլերն էր։
2) Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերը մոտ 1.5 միլիոն հայերի կոտորեցին, իսկ ավելի ուշ գրեթե մեկ միլիոն հույների։ Այս սառնասիրտ ցեղասպանությունը հետագայում գրավեց Հիտլերի ուշադրությունն ու սերմեր ցանեց ավելի ուշ Հոլոքոստի իրականացման համար։
3) 30 տարբեր երկրներից ավելի քան 65 միլիոն տղամարդիկ են մասնակցել Առաջին աշխարհամարտին։ Պատերազմը յուրաքանչյուր օր առնվազն 6,000 մարդու կյանք է խլել։ Հաշվարկվում է, որ մոտավորապես 10 միլիոն մարդ է զոհվել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։
4) Գոյություն ունեին այսպես կոչված «ընկերական գումարտակներ», որոնք ներառում էին դպրոցականների, երկաթուղու աշխատակիցների և ֆուտբոլիստների առանձին գումարտակներ։
5) Բրիտանական զորքը 870,000 ձիեր ուներ պատերազմի դաշտում։ Սպանված ձիերին հալեցնում էին ճարպի համար, որը հետագայում օգտագործվում էր պայթուցիկների ստեղծման մեջ։
6) Ի սկզբանե գազային հարձակումներից միակ պաշտպանությունը զինվորի՝ սեփական մեզի մեջ թաթախված գործվածքն էր։ Առաջին պրակտիկ գազային դիմակը ստեղծվել է բրիտանացի սպա Էդվարդ Հարիսոնի կողմից, որը հազարավոր կյանքեր է փրկել։
7) Առաջին աշխարհամարտն էր, որ հանգեցրեց Սովետական Միության ստեղծմանը։ Դա աշխարհի առաջին կոմունիստական պետությունն էր, որն աշխարհի հետագա պատմությանը բոլորվին նոր ընթացք տվեց։ Պատմաբանների պնդմամբ՝ սա Առաջին աշխարհամարտի կարևորագույն ազդեցություններից մեկն էր։
8) Առաջին աշխարհամարտի ժամանակ Ֆրանսիան և ոչ թե Գերմանիան է առաջին անգամ օգտագործել գազը թշնամու դեմ պայքարելու նպատակով։ 1914թ․ի օգոստոսին առաջին անգամ նրանք գերմանացիների դեմ օգտագործեցին արցունքաբեր գազը։ 1915թ․ի հունվարին Գերմանիան առաջին անգամ օգտագործեց այն ռուսների դեմ, սակայն գազը սառը օդում ջրի վերածվեց։ 1915թ․ի ապրիլին գերմանացիներն առաջին անգամ օգտագործեցին արդեն քլորի թունավոր գազը։
9) Պատերազմի ողջ ընթացքում ամենամարտունակ զինվորը գերմանացի օդաչու կապիտան Վոն Ռիխտոֆենն էր, ով թշնամու 80 ինքնաթիռներ է վնասազերծել։ Իսկ դաշնակիցների ամենամարտունակ օդաչուն Ֆրանսիս Ռենե Ֆոնկն է, ով իր հերթին թշնամական 75 ինքնաթիռ է ոչնչացրել։
10) Առաջին աշխարհամարտի տարիներին շներն օգտագործվում էին որպես բանբերներ ու իրենց մարմիններին փակցրած գրությունները ռազմադաշտ տանում։
11) Գերմանացիներն առաջինն էին, որ կրակ արձակող զենք են օգտագրծել, որոնք կարող էին մինչև 40 մետր հեռավորության վրա գտնվող ռազմական ինքնաթիռներ հրկիզել։
12) Առաջին աշխարհամարտին մասնակցած հայտնի մարդկանցից են Վինի Թուխի հեղինակ Ալան Ալեքսանդր Միլին, «Մատանիների տիրակալը» գրքի հեղինակ Թոլքինը, քանդակագործ Հենրի Մուրն ու դերասան Բեսիլ Ռաթբոնը և այլոք։
13) «Բարև աղջիկները», ինչպես ամերիկացի զինվորներն էին նրանց կոչում, ամերիկացի կանայք էին, ովքեր Եվրոպայում ամերիկյան զորքերի համար ծառայում էին որպես հեռախոսակապի օպերատորներ։ Կանայք վարժ տիրապետում էին ֆրանսերենին ու անգլերենին և սովորեցված էին «American Telephone and Telegraph» ընկերության կողմից։ 1979թ․ին ամերիկյան բանակը վերջապես պատերազմի շքանշան ու վետերանների կոչում տվեց «Բարև աղջիկների» դեռևս ողջ մնացած անդամներին։
14) 1914թ.ին մարտերի ժամանակ ոչ մի զինվոր մետաղից սաղավարտ չէր կրում։ Ֆրանսիացիներն առաջինն էին, որ սկսեցին օգտագործել դրանք 1915թ․-ին։ 1916թ․ին, երբ ապագա վարչապետ Ուինսթոն Չերչիլը մարտադաշտում էր, նա հենց ֆրանսիական սաղավարտ էր կրում։
Վերջաբան
Շատերը, Առաջին աշխարհամարտ լսելով, միանգամից Երկրորդ աշխարհամարտն են պատկերացնում, նացիստական Գերմանիան ու Հոլոքոստը։ Իրականում քչերն են պատկերացնում այն ահռելի ու նշանակալի ազդեցությունը, որն Առաջին աշխարհամարտն ունեցել է մարդկության պատմության հետագա զարգացման վրա։ Երկրոդ աշխարհամարտը իր հետքերն է թողել և՛ տնտեսական և՛ սոցիալական առումով: Պատերազմն ընդգրկել էր երկրագնդի բկաչության ¾-ը: Պատերազմող պետություների ուղղակի ծախսերը կազմեցին 208 միլիարդ դոլար: Ինչպես նշեցի պատերազմի գլխավոր նպատակը աշխարհի վերաբաժանումն էր:
Պատերազմը իհարկե ազդել է նաև հայերի վրա: Առաջին աշխարհամարտը ամենից զատ, պատմության մեջ մտավ խաղաղ բնակչության առաջին զանգվածային սպանություններով, որոնք հետագայում ստացան «ցեղասպանություն» սահմանումը: 1914 թվականի նոյեմբերին Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ մտավ Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի կողմից: Երիտթուրքերը հասկացան, որ ռազմական ժամանակի պայմաններում կարելի է արագ եւ առանց աղմուկի լուծել «հայկական, ասորական եւ հունական» հարցերը: Ինչն էլ արվեց աներեւակայելի դաժանությամբ: Սակայն առանց աղմուկի չստացվեց` Օսմանյան Թուրքիայում հավատարմագրված դիվանագետները հեռագրեր էին հղում իրենց կառավարություններին կոտորածների մասին, որոնք էլ իրենց հերթին վրդովմունքն էին հայտնում եւ բողոքի նոտաներ էին ուղարկում երիտթուրքերի կառավարությանը: Սակայն արդեն ուշ էր: Մինչ 1916 թվականը «ոչ թուրքական» բնակչության զտումը գրեթե ավարտված էր: Իսկ ով ողջ էր մնացել, զոհ գնաց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի բանակին, որը հայերի ու հույների ոսկորների վրա հիմնեց ժամանակակից Թուրքիան:
Հայաստանը պատերազմի արդյունքում ստացավ 700 հազար փախստականներ, հայրենի հողերը վերադարձնելու մշուշոտ հույսեր եւ դատավարություններ երիտթուրքերի հանդեպ: Սակայն, ինչպես միշտ, հայերը հայտնվեց ծայրահեղ անհաջող իրավիճակում: Սկսենք նրանից, որ Փարիզյան կոնֆերանսում Հայաստանը չգիտես ինչու մեկ պատվիրակության փոխարեն ներկայացված էր երկու պատվիրակություններով, որոնք այդպես էլ չկարողացան միասնական տեսակետ մշակել: Հայկական պատվիրակությունների պահանջները, որոնք, ի դեպ, միանգամայն օրինական էին, ուղղակի անտեսվեցին Արեւելյան Հայաստանի իբր «ռուսամետ, իսկ այժմ էլ «սովետամետ» լիենլու պատճառով: Հաղթանակած երկրները այլ հարցերով էին զբաղված, նրանք լուծում էին փլուզված կայսրությունների տարածքներում իրենց պետությունների նոր սահմանների հարցը: Հայաստանի վրա ուշադրություն դարձրած միակ երկիրը ԱՄՆ-ն էր:
Աղբյուրներ՝
Հայկական հանրագիտարան